Gouyr Ashoughuh | Sev Khavaruh Im Engern Eh Anpajan

Կոյր Աշուղը

Սեւ խաւարը իմ ընկերն է անբաժան,
Ես չգիտեմ, ի՞նչ ասել է պայծառ օր,
Բայց այսօրուայ խաւարն է խոր, հոգեհան,
Դիակները փսփսում են ահաւոր
Եւ պատմում են իրենց ցաւերն անպատում,
Որից Աստուած գուցէ դողայ երկնքում։

Հին դարերից ցաւեր շալկած յամրօրէն,
Հառաչելով անցաք արեան ծովերով,
Համբերութեան դասեր առիք լեռներէն…
Քնէ՛ք այժմ բոցով, ցաւով, վէրքերով,
Եւ պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստուած գուցէ դողայ երկնքում։

Տառապանքի, սուգ ու սեւի ինձ ընկեր,
Մարդ չմնաց իմ արիւնոտ վաթանում,
Լուռ են շուրջս լեռներ, ձորեր, շիրիմներ,
Լոկ քամին է կողկողագին մրմնջում…
Դու՛ք պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստուած գուցէ դողայ երկնքում…

Ոռնա՛, քամի, հազար ու մի ձայներով,
Թող սառսռան, լեռներ, ձորեր, անդունդներ.
Անցի՛ր մէկ մէկ դիակների վրայով,
Լիզի՛ր վէրքեր ու հաւաքիր հառաչներ..։
Կոյր աշուղը, մրրկաշունչ խօլ քամին,
Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին։

Անցիր հանդարտ շիրիմների վրայից,
Հողի տակ էլ թշուառները քուն չունին.
Շարան շարան հողաթմբի խորքերից,
Խուլ մրմունջներ գուցէ լսես ցաւագին…
Երբ այսքան ցաւ ու արիւն կայ աշխարհում,
Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստուած երկնքում։

Խօսի՛ր քնար…արար աշխարհ թէ լռի,
Ցաւի, արեան, տառապանքի լուռ ծոցում,
Կոյր աշուղը հառաչանքի պարտք ունի
Թշուառութեան ու անէծքի վայրերում
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք։

Դիակների վիշտը լաաացի ու ցաւեր…
Քանի դարեր լոկ ողբ ու սուգ ենք ասում,
Այժմ անէ՛ծք դահիճներին մարդակեր,
Վրէ՛ժ միայն, լոկ վրէժ ենք պահանջում…
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք։


Posted

in

,

by

Tags:

Comments

One response to “Gouyr Ashoughuh | Sev Khavaruh Im Engern Eh Anpajan”

  1. Lori Avatar
    Lori

    What a depressing song

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *