Our E | Ov Tou Kousan Tches Imanoum, En Ko Siradz Yare Our E

Ո՞ւր Է

Ով դու գուսան, չես իմանում, էն քո սիրած եարը ո՞ւր է,
Չէ՞ որ քեզ հետ խնդում էր միշտ, հիմա էլ խնդալու օր է,
Հովի նման քնքուշ ու նուրբ նրա համբոյր տալը ո՞ւր է,
Սիրուց խ’ուած, վիրաւոր ես, քո առաջուայ հալը ո՞ւր է։

Մէկ մթնում ես, մէկ ծիծաղում՝ ամպի տակի արեւի պէս.
Ամէն հովից օրօրուում ես ցրտահարուած տերեւի պէս,
Յոյս ես տալիս, կարօտ թողնում հեռուից եկած բարեւի պէս,
Կորցրել ես ու չգիտես, քո սիրուն մարալը ո՞ւր է։

Գուսան Աշոտ, սիրտդ եարիդ միշտ կանչում է օր ու գիշեր
Նրա ման եկած տեղերը կանաչում են օր ու գիշեր։
Կանաչներից աղբիւր բխում, կարկաչում է օր ու գիշեր,
Ինքը հեռուում, սէրը քեզ հետ, ա՜խ, նա գնաց, գալը ո՞ւր է։

Գուսան Աշոտ

Powered by WordPress. Designed by WooThemes